Մեր պետականությունը դարձյալ վտանգված է, ինչպես 1920 թվականին, երբ ռուս-թուրքական դաշինքի և հայ բոլշևիկների պառակտիչ, հակապետական գործունեության արդյունքում կործանվեց առաջին հանրապետությունը։ Հիմա էլ, ստեղծվել է գրեթե նույն իրավիճակը։ Ակնհայտ է, որ գործում է ռուս-թուրքական դաշինք, իսկ ներքաղաքական իրավիճակը, պայթունավտանգ է։ Ցավոք այսօր էլ Հայաստանում կան ուժեր, որոնց համար առաջնայինը իրենց շահն է, ոչ թե հայրենիքը, նրա անկախությունն ու ինքնիշխանությունը։ Պատմությունը հայ ժողովրդին միշտ կանգնեցրել է նույն երկընտրանքի առաջ՝ Ռուսաստան, թե Եվրոպա։ Հայ ժողովուրդը հիմնականում կողմնորոշվել է դեպի Ռուսաստան, այնինչ դարերի պատմությունը ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ օգտագործել է հայերին իր շահերի համար, որպես մանրադրամ և միշտ էլ դավաճանել։