Պատվի և արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությանն ուղված հայցերը վերջին հինգ տարիներին ամենահաճախ ներկայացվողներից են։ Նման պահանջով հայցերը ներկայացվում են այն դեպքում, երբ հրապարակայնորեն վիրավորում կամ զրպարտում են ֆիզիկական կամ իրավաբանական անձին։ Այսինքն` անձի մասին հրապարկվում են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Զրպարտության պարագայում անձի վերաբերյալ ներկայացված են լինում իրականությանը չհամապատասխանող սուտ, անհիմն փաստեր, տվյալներ, որոնք լինում են վերացական, բացի այդ, անձի վերաբերյալ ոչ փաստացի տվյալները ներկայացված են լինում հրապարակային, որոնք արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության, ռադիոյի, հեռուստատեսության միջոցով, համացանցի միջոցով տարածմամբ ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով:
Զրպարտություն չի կարող համարվել այն հայտարարությունը, որը կատարվել է ոչ հրապարակային՝ երբ անձը զրպարտվել է առանց երրորդ անձանց ներկայության։ Պետք է նկատի ունենալ, որ զրպարտություն չի կարող համարվել փաստական հիմք ունեցող գնահատող դատողությունը։
Այսինքն, վերացական կամ ընդհանրական ձևակերպված տեղեկությունները չեն կարող համարվել զրպարտություն։ Անհրաժեշտ է նշել, որ պատվի և արժանապատվության վեճերով դատական կարգով պաշտպանությունը կարող է իրականացվել վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում: