Գործարքը համարվում է մոլորության ազդեցության տակ կնքված, եթե կողմի մոտ առկա է մոլորություն գործարքի բնույթի Էական նշանակություն կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետեւանքների, որոնք կողմերը ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետեւանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը նշանակում է, որ կողմերը կամ նրանցից մեկը նկատի է ունեցել ոչ այն առարկան, որին վերաբերում է կնքված գործարքը, այլ իր հատկանիշներով տարբերվող մեկ այլ առարկա։ Մոլորությունը գործարք կնքած կողմի կամքի շեղումն է կամ շեղման արդյունքն է, որն ունի որոշիչ ազդեցություն գործարքի կնքման եւ դրա կնքման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա: Այն, որպես կանոն, հիմնված է սխալ ենթադրության վրա: Գործարքի բնույթը տվյալ գործարքի մի շարք հատկանիշների (պայմանների) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս տարբերել մեկ գործարքը մեկ այլ գործարքից: Այսինքն` գործարքի բնույթը, ըստ էության, գործարքի տեսակն է: Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունն առկա է այն դեպքում, երբ կողմը, որը գործել է մոլորության ազդեցության տակ, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել նրա կամքը եւ որը նկատի է ունեցել գործարքը կնքելիս: Այլ կերպ ասած` գործարքը կնքած կողմերից մեկի կամքը (ցանկությունը) ուղղված է եղել որոշակի գործարքի կնքմանը, օրինակ` պահատվության պայմանագրի կնքմանը, մինչդեռ գտնվելով մոլորության ազդեցության տակ` կնքել է մեկ այլ գործարք, օրինակ` վարձակալության պայմանագիր: Գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը): Հետևաբար` գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ գործարքի առարկան իր է, այլ նաեւ այն դեպքում, երբ այն որոշակի գործողություն է: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը դրսեւորվում է այն դեպքում, երբ կնքված գործարքի առարկան չի համապատասխանում այն հատկանիշներին, որը կողմը նկատի է ունեցել ի սկզբանե նման գործարք կնքելիս: