ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի դատարանը մերժել է մոր հետ բնակվող որդու հայցը մոր խնամքին գտնվելու հիմքով նրա մահից հետո 300000 դոլար փոխհատուցում ստանալու պահանջը։ Դատարանը գտել, որ որդին իրականում մոր խնամքին չի գտնվել և մորից որևէ կախվածություն չի ունեցել, չնայած այն հանգամանքին, որ մայրը որդու համար գնել էր երկու մեքենա և տաս տարի առանց վարձավճարի թույլատրել էր ապրել իր տանը։ Դատարանը հայցվորի ֆինանսական միջոցների ստուգման արդյունքում պարզել էր, որ նա ունի սեփական ֆինանսական միջոցներ, որը մոր մահվան պահի դրությամբ կազմել էր 40000 դոլար։ Հայցվորը նշել է, որ առանց վարձավճարի մոր բնակարանում ապրելը պայմանավորված է եղել մորը խնամելու անհրաժեշտությամբ, ով ունեցել է առողջական լուրջ խնդիրներ։ Դատարանը գտել է, որ մորը խնամելու պատրվակով նրա բնակարանում բնակվելը ազատել է որդուն անապահով թաղամասում ավելի էժան բնակարան տեղափոխվելու խնդրից։
Համաձայն Ինդիանա նահանգի օրենքների հիվանդանոցում կամ տարեցների խնամքի մասնագիտացված հիմնարկներում միայնակ տարեցի դժբախտ պատահարի արդյունքում տարեցի մահվան դեպքում նրա խնամքին գտնվող անձինք 300000 դոլարի փոխհատուցման իրավունք ունեն։
Հայցվորի մայրը՝ Վերջինիան մահացել է 2018 թվականին, տարեցների խնամքի կենտրոնի աշխատակցի կողմից նրա հաշմանդամության սայլակը մեքենայում թերի ամրացնելու պատճառով, ինչի արդյունքում սայլակը շրջվել է, ստացված վնասվածքների արդյունքում Վերջինիան 13 օր անց մահացել էր։
Որդին՝ հայց է ներկայացրել տարեցների խնամքի կենտրոնի դեմ մոր մահվան հետևանքով իրեն պատճառված վնասի՝ 300000 դոլարի փոխհատուցման համար։ Դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ միայն տարեցի մահվան արդյունքում պատճառված վնասի մասով, բայց դատարանը ապացուցված չի համարել որդու մոր խնամքին լինելու հանգամանքը։
Ի դեպ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նույնպես նախատեսում է գումարային փոխհատուցում կերակրողի մահվան արդյունքում վնաս կրած անձանց համար։ Կերակրողի մահվան դեպքում փոխհատուցման իրավունք ունեն 1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք. 2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան. 3) ծնողը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա մինչև տասնչորս տարեկան երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով. 4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք: