Աշխատանքային վեճերը հիմնականում առաջանում են աշխատանքային հարաբերությունների դադարեցման կարգի և պայմանների շուրջ։ Եթե աշխատանքային հարաբերությունները դադարեցվում են գործատուի նախաձեռնությամբ, ապա հատուկ ուշադրություն պետք է դարձնել խախտված աշխատանքային իրավունքների դատական պաշտպանության ժամկետներին, քանի որ դրանք բավականին կարճ են, այն է` աշխատանքից ազատելու մասին հրամանը ստանալու օրվանից հետո, երկու ամսվա ընթացքում: Եթե դատարանը գտնում է, որ աշխատանքից ազատելու հրամանը իրավաչափ չէ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարել է նվազ վարձատրվող աշխատանք: Միաժամանակ աշխատողը վերականգնվում է աշխատանքում, եթե վերականգնումը անհնարին է, դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում, փոխարենը՝ պարտավորեցնել գործատուին վճարել դրամական փոխհատուցում` առավելագույնը միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով:
Դատարան դիմելու համար ժամկետային սահմանափակումներ չկան աշխատանքային այն վեճերով, որոնք վերաբերվում են աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանությանը, չվճարված աշխատավարձի բռնագանձմանը, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը։
Աշխատանքային իրավունքի վերաբերյալ վեճերով պետական տուրքի գումար չի գանձվում։ Միաժամանակ անհրաժեշտ է պարզաբանել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատարանում աշխատանքային վեճերի քննության համար ավելի կարճ ժամկետներ, այն է`վարույթ ընդունվելուց հետո երեք ամիս ընթացքում, եթե աշխատանքային վեճը վերաբերվում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերին։